Օգտագործո՞ւմ եք Apple-ի արտադրանք ձեր առօրյա կյանքում: Մեր ամբողջ թիմն ունի Apple-ի բազմաթիվ սարքեր:
Բայց ինչո՞ւ է Apple-ը այդքան հայտնի: Ինչպե՞ս է այս բրենդը վերածվել այնպիսի հզորության, որ մարդիկ ժամերով հերթ են կանգնում խանութների առաջ, որպեսզի ձեռք բերեն վերջին արտադրանքը:
Apple-ի գերազանցությունը միայն տեխնոլոգիաների մասին չէ։ Սա բրենդ է, որն ամբողջությամբ հասկացել է, թե ինչպես է ազդում և ներգրավում իր հաճախորդներին: Այն ոչ միայն ապրանք է վաճառում, այլև ապրելակերպ, էմոցիաներ և պատկանելիության զգացում: Նրանց մարքեթինգային ռազմավարությունը բրենդին դարձրել է համաշխարհային խորհրդանիշ, և այսօր մենք կխոսենք Apple-ի մարքեթինգային ռազմավարության հոգեբանության մասին:
Բրենդային ինքնության կառուցում
Apple-ի հաջողության պատմությունը սկսվում է իր բրենդային ինքնությունից։ Apple-ի լոգոն՝ պարզ, կծված խնձորը, աշխարհի ամենաճանաչված լոգոներից է: Այն ներկայացնում է նորարարություն, պարզություն և էլեգանտություն՝մի փոքր բացառիկությամբ: Անկախ նրանից, թե դուք այդ լոգոն տեսնում եք MacBook-ի, iPhone-ի կամ AirPods-ի վրա, անմիջապես ասոցացնում եք այն պրեմիում և նորարար տեխնոլոգիայի հետ։
Apple-ի դիզայնը՝ մաքուր գծեր, մինիմալիզմ և օգտատիրոջ վրա կենտրոնացում, բավարարում է մարդու գեղեցկության և պարզության պահանջը։ Երբ մենք ձեռք ենք բերում Apple-ի արտադրանք, դա պարզապես գաջեթ չէ, այլ ինչ-որ առանձնահատուկ բան, որը մտնում է մեր ամենօրյա կյանք։ Այս հուզական կապն է, որի վրա կառուցվում է Apple-ի մարքեթինգային ռազմավարությունը:
Storytelling
Apple-ը պարզապես ապրանքներ չի վաճառում. այն պատմություններ է պատմում։ Տարիների ընթացքում Apple-ը ներկայացրել է մարքեթինգային ամենահիշվող արշավները՝ շնորհիվ իր հզոր storytelling-ի։ Հիշու՞մ եք ”1984” Super Bowl-ի գովազդը: Դրանում Apple-ը ներկայացվել է որպես համարձակ, հեղափոխական ուժ, որը դեմ է կոնֆորմիզմին և հրավիրում է մեզ բոլորիսայլ կերպ մտածել ("Think Different")։Այս գովազդը ոչ միայն նպատակ ուներ ներկայացնել Macintosh-ը, այլ նաև ցույց տալ, որ Apple-ը գլխավորում է ստեղծագործական հեղափոխությունը:
Մեկ այլ օրինակ է “Shot on iPhone” արշավը։ Սա հանճարեղ էր. Apple-ը ցուցադրեց օգտատերերի կողմից արված լուսանկարներն ու տեսանյութերը՝ իր գնորդներին վերածելով բրենդի ներկայացուցիչների: Այս արշավը միայն տեխնոլոգիայի մասին չէր, այլ թե ինչպես են Apple-ի արտադրանքները օգնում մարդկանց ուրիշ կերպ տեսնել աշխարհը, և ավելի կարևոր՝ կիսել իրենց եզակի տեսակետները։ Apple-ը իր հաճախորդներին վերածեց արվեստագետների:
Բացառիկության հոգեբանությունը
Apple-ը բացառիկության խաղի վարպետ է։ Երբ նոր iPhone է դուրս գալիս, ստեղծվում է իրարանցում՝ երկար հերթեր Apple խանութների առաջ, սկզբնական սահմանափակ պաշար և նախնական պատվերներ, որոնք արագ սպառվում են։ Սա պատահական չէ. սա ռազմավարության մի մասն է, որը խթանում է մարդու առանձնահատուկ զգալու ցանկությունը։
Քչության զգացում ստեղծելով՝ Apple-ը բարձրացնում է պահանջարկը և ստեղծում բաց թողնելու վախ (FOMO)։ Մարդիկ ցանկանում են լինել «հանրության մեջ» Դա սոցիալական կարգավիճակի և տեխնոլոգիական, առաջադիմական հանրության մաս լինելու խառնուրդ է։ Նոր iPhone-ի առաջիններից մեկը լինելու գաղափարը ստեղծում է մեծամասնությանը միանալու էֆեկտ՝ երբ մարդիկ ցանկանում են միանալ հայտնի թրենդներին։
Օգտագործողի համար դիզայն
Apple-ի մարքեթինգային հաջողությունը հիմնված է նաև դրա օգտագործողի համար հիմնված դիզայնի վրա: Յուրաքանչյուր ապրանք մշակվում է ՝ հաշվի առնելով մեկ հարց՝ Ինչպե՞ս կարող ենք սա դարձնել պարզ, ֆունկցիոնալ և հաճելի օգտագործողի համար: iPhone - ի էկրանին պարզապես դիպչելուց մինչև Mac-ի ինտուիտիվ օգտագործումը, Apple-ի բոլոր ապրանքներն առանձնանում են օգտագործման հեշտությամբ:
Դիզայնի այս փիլիսոփայությունը ազդում է հաճախորդների բավարարվածության հոգեբանության վրա: Երբ օգտագործում եք Apple-ի արտադրանք, դուք զգում եք հաճույք, քանի որ այն պարզապես աշխատում է։ Դա միայն ապրանք չէ՝ դա փորձառություն է։ Եվ երբ դուք ունեք այս անխափան, հաճելի փորձը, ավելի հավանական է, որ հավատարիմ կմնաք բրենդին։
Հուզական բրենդինգ։ Վաճառել ավելին քան ապրանքներ
Երբ մտածում եք Apple-ի մասին, դուք չեք մտածում միայն գաջեթների մասին՝ դուք մտածում եք ապրելակերպի մասին։ Apple-ի գաղտնիքը նրա մեջ է, որ այն կարողանում է արթնացնել զգացմունքներ։ Նրանց գովազդները միայն տեխնիակական բնութագրերի մասին չեն. դրանք այն մասին են, թե ինչ զգացողություններ է առաջացնում արտադրանքը:
Շատերի համար Apple-ի արտադրանք ունենալը նշանակում է ավելին, քան պարզապես հեռախոս կամ նոթբուք ունենալը՝ դա նշանակում է լինել մի աշխարհի մաս, որտեղ կարելի է լինել ստեղծագործ, պրոդուկտիվ և եզակի։ Apple-ը ստեղծել է մի համայնք, որտեղ մարդիկ ձգտում են ապրել ավելի ստեղծագործ, նորաձև և թրենդային կյանքով։
Այս հուզական բրենդինգը ստեղծում է հավատարմություն։ Apple-ի հաճախորդները վստահում են բրենդին, քանի որ այն ասոցացնում են հուսալիության, որակի և ձգտումների հետ։ Մարդիկ ցանկանում են լինել այդ մշակույթի մի մասը, և երբ նրանք ներգրավվում են, նրանք հավատարիմ են մնում ամբողջ կյանքի ընթացքում։
Գույների հոգեբանության դերը
Apple-ի մարքեթինգային ռազմավարությունը նաև հմտորեն օգտագործում է գույնի հոգեբանությունը։ Apple-ի խանութները, ապրանքների փաթեթավորումը կամ նույնիսկ նրանց կայքը՝ գերակշռում է մաքուր սպիտակներով և նրբագեղ մետաղական երանգներով։ Սպիտակի օգտագործումը հաղորդում է մաքրության, պարզության և կատարելության զգացում։ Սա համընկնում է այն գաղափարի հետ, որ Apple-ի արտադրանքներն էլ պարզ են, մաքուր և զերծ խառնաշփոթից թե՛ տեսողական և թե՛ ֆունկցիոնալ առումով։
Բայց Apple-ը նաև ընդունում է անհատականացումը իր գունավոր արտադրանքներով, ինչպիսիք են տարբեր երանգներով iPhone-ները։ Այս գույների տարբերակները թույլ են տալիս օգտատերերին արտահայտել իրենց, միևնույն ժամանակ զգալով, որ նրանք Apple-ի բացառիկ համայնքի մաս են կազմում։
Հաճախորդների պաշտպանություն
Apple-ի հաճախորդները միայն հավատարիմ չեն՝ նրանք բրենդի պաշտպաններն են։ Apple-ը մշակել է հետևորդների մի խումբ, ովքեր սիրում են իրենց արտադրանքը և պատրաստ են կիսվել իրենց ոգևորությամբ մյուսների հետ։ Սա կապում է սոցիալական ապացույցիգաղափարի հետ՝ այն գաղափարը, որ մենք ավելի հավանական է վստահենք ապրանքին, երբ տեսնում ենք, որ մյուսները նույնպես պաշտպանում են այն։
Apple-ը խրախուսում է այսպիսի պաշտպանություն՝ ստեղծելով ապրանքներ, որոնք մարդիկ սիրում են և ցանկանում են խոսել դրանց մասին։ Բանավոր խոսակցությունները և օգտագործողի կողմից ստեղծված քոնթենթը դարձել են Apple-ի մարքեթինգային հաջողության հսկայական մաս։ Մարդիկ սիրում են կիսվել իրենց փորձառություններով Apple-ի արտադրանքների հետ, և այս օրգանական, հանրության վրա կենտրոնացած մարքեթինգը աներևակայելի հզոր է։
Հիմնական ասելիք
Ինքնության, storytelling-ի, բացառիկության, օգտագործողի համար դիզայնի, հուզական բրենդինգի, գույնի հոգեբանության և հաճախորդների պաշտպանության վրա կենտրոնանալով՝ Apple-ը ստեղծել է ոչ միայն բրենդ, այլ մշակույթ։
Այստեղից ի՞նչ կարող ենք եզրակացնել Apple-ի ռազմավարությունը շատ ավելին է, քան արտադրանքները: Սա բրենդ է, որը ձեզ ստիպում է զգալ, թե դուք ինչ-որ ավելի մեծ բանի մաս եք կազմում, և դա հզոր հոգեբանական կապ է։
Եվ սա է Apple-ի հաջողության գաղտնիքը: